Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը և Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Վահե Ղալումյանը կարևորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու ոլորտային համագործակցության զարգացմանը:

Պատգամավորը բարձր է գնահատել Գերմանիայի դերակատարությունն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում:

Խոսելով Եվրամիության հետ ընդլայնվող համագործակցությունից` հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում: «Մենք պատրաստակամ ենք առաջիկայում Ազգային ժողովի տիրույթում գտնվող բոլոր հարցերին արագ արձագանքելու` այդ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը և ընտրությունների համամասնական ընտրակարգի կիրառմանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են համայնքների ինքնաֆինանսավորման, սեփական եկամուտների բարելավման հարցերը:

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության հարցեր:

128