Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մատենադարանում ամփոփվել է Ֆրանսիայի Դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։

Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում Մանուշյանական շաբաթը կարևոր և առարկայական շեշտադրում է, որը սերտորեն առնչվում է մարդկային արժեքներին, հիմնարար իրավունքներին և ազատություններին:

Մանուշյանն իր գործունեության ընթացքում համախմբել է տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ ստեղծելով մի խումբ, որը թեև պայքարում էր հանուն Ֆրանսիայի ազատության, բայց և խորքում՝ համընդհանուր արժեքներն ու նպատակներն էին:

Մանուշյանի ամբողջ կյանքը փիլիսոփայական ակնարկ է, որը թողնում է բարոյական, իմաստային և զգացական մեծ ազդեցություն ինչպես ֆրանսիացի և հայ ժողովուրդների, այնպես էլ համաշխարհային պատմության ու արժեքների վրա»:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ Մանուշյանական շաբաթը, յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի կյանքին ու գործին, միաժամանակ նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսության նոր հարթակ է:

Ելույթներով հանդես են եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Օրն ամփոփվել է գիտական ելույթներով ու Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Նշենք, որ Մանուշյանական շաբաթ միջոցառումների շարքը նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվել են թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, որոնք անցկացվել են Երևանում և Արտաշատում։

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից։ Միջոցառումների աջակիցներն էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպություններ։

108