
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հիշեցրեց՝ 2024 թվականի հուլիսին հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում հեղեղից հետո հայտարարվեց աղետի գոտի, և անհրաժեշտություն առաջացավ քննարկել գետերի հուների մաքրման հարցը:
Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել են հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Արդյունքում մշակվել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
Մշակված նախագծի սահմանված կարգով շրջանառության նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքով:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝
- «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը լրացվել է՝ համապատասխանեցվելով «ջրօգտագործում» հասկացությանը.
- վերացել է ՋԹ վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ՋԹ իր օրինակը ներկայացնելու պահանջը, հետևաբար նաև հանվել է վերջինիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը.
- հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին ջրօգտագործողին ծանուցումը:
«Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»,- պարզաբանեց Գաբրիելյանը: