
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։
Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։
Արտյոմ Խոզյաինովը ներկայացրել է «Քվանտորի»-ի գործունեությունը և ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպաստավոր միջավայր է տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Քննարկվել է որակյալ կադրերի առկայության կարևորությունը, ինչը ընկերության առաջնային խնդիրներից է։
Այդ նպատակով ստեղծվել է «Քվանտորի»-ի ակադեմիան, որը մասնագետներ է պատրաստում և վերապատրաստում ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով՝ բավարարելով ինչպես ընկերության, այնպես էլ ներքին շուկայի պահանջարկը։
Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցության դերը և վերահաստատել նախարարության հանձնառությունը՝ ստեղծելու բարենպաստ միջավայր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և առաջընթացի համար։ Ընդգծվել է, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն, ինչը մեծապես պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող նախաձեռնություններով։
Քննարկվել են նաև ոլորտի առկա մարտահրավերները, գիտահետազոտական գործունեության ընդլայնման հնարավորությունները, տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առաջացած խնդիրների լուծման ուղիները։ Նախարարը շեշտել է, որ պետությունն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ խթանելով Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Այս համատեքստում կողմերը քննարկել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի ընձեռած հնարավորությունները, ոլորտի զարգացման ռազմավարությունը, Ինժեներական քաղաքում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցեր։ Այցի ընթացքում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան խորացնելու համագործակցությունն ու նոր հնարավորություններ ստեղծելու տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։
«Քվանտորի»-ի գրասենյակը Հայաստանում բացվել է 2022 թվականի մարտին։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է գիտական ինֆորմատիկայի, լաբորատոր ինֆորմատիկայի, տվյալագիտության (Data Science), բարձր արտադրողականությամբ հաշվարկների (High Performance Computing) և արհեստական բանականության (AI) ոլորտները։ «Քվանտորի»-ն գրասենյակներ ունի նաև Բոսթոնում, Թբիլիսիում և Աստանայում։