
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է Անդրկովկասի քարտեզը, առանց Հայաստանի։
Ֆրանս-գերմանական հեռուստաալիքի այս վրիպումը նկատել է «Nouvelles d’Arménie» պարբերականը և գրել՝ «Սկանդալ ARTE–ում․ Հայաստանը ջնջված է նորությունների ընթացքում ցուցադրված քարտեզից․ սխա՞լ, թե մանիպուլյացիա»։ Այս տեղեկությունը արդեն մարտի 25-ին ակտիվորեն տարածվել է Հայաստանյան լրատվամիջոցներում (1, 2,)։
Բացի այդ, ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում բողոքի ալիք էր բարձրացել, իսկ «28 րոպե» հաղորդման ֆեյսբուքյան էջում օգտատերերը անընդունելի էին համարել հեռուստաընկերության արարքը։
Մի քանի լրատվամիջոց էլ («Առավոտ», «Ա1+») հրապարակված նյութը որոշ ժամանակ անց հեռացրել էին, քանի որ տարածվեց տեղեկություն, թե հաղորդման իրական ձայնագրությունում Հայաստանի քարտեզը ներկայացված է իր սահմաններով։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ARTE հեռուստաընկերությունը ավելի ուշ հասկացել է սխալը ու արդեն իր յութուբյան էջում վերբեռնել է հաղորդումը նոր քարտեզով։ Սակայն այդ հաղորդումը հասանելի է միայն Ֆրանսիայի սահմաններում։ Երբ փորձում ենք դա բացել Հայաստանում, յութուբը տեղեկացնում է, որ մեր երկրի համար այն անհասանելի է։
Ֆրանսիայից Fip.am-ին տրամադրել են հաղորդման ընթացքում ցուցադրված քարտեզի արտապատկերը, որում արդեն Հայաստանը ներկայացված է իր սահմաններով։
Ի՞նչ է պատմում «28 րոպե» հաղորդմանը ներկա հայազգի հյուրը
«Փաստերի ստուգման հարթակը» տեղեկացավ, որ «28 րոպե» հաղորդման տվյալ եթերում որպես հյուր ներկա է եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, քաղաքագետ Կայծ Մինասյանը։ Fip.am-ի հետ զրույցում Մինասյանը հաստատել է, որ սկզբնական շրջանում Հայաստանը չի ներկայացվել քարտեզի վրա։
Նա նաև մանրամասներ է ներկայացրել․ «Այո, ես ներկա էի եղել այդ հաղորդմանը, խոսել եմ, պատասխանել եմ հարցերին, բայց անկեղծորեն չեմ տեսել՝ ինչ է կատարվել էկրանին, չեմ տեսել, որ Հայաստանը չի ցուցադրվել։ Անկեղծ եմ ասում՝ չեմ տեսել։ Անշուշտ, դիտողություն պետք է անեի, ինչպե՞ս կարող էի հանդուրժել։ Մարտի 24-ին ցերեկը տեսագրվել է այդ հաղորդումը, երեկոյան ցուցադրվել։ Երբ երեկոյան արդեն տանը դիտում էի այդ հաղորդումը, պատկերացնո՞ւմ եք դարձյալ չտեսա, որովհետև այնքան վարժված եմ սահմանները տեսնելու, որ չնկատեցի։ Ինձ զանգեցին ու հարցնում են՝ Կայծ, տեսա՞ր, որ Հայաստանի սահամնները չկան։ Ու ես զարմացա և որոշեցինք աղմուկ բարձրացնել ու լավ է, որ աղմուկ ստեղծվեց»։
Կայծ Մինասյանն ասում է՝ ֆրանս-գերմանական հեռուստաընկերությունը Հայաստանի քարտեզը չցուցադրելով որևէ դիտավորություն չի ունեցել․
«Հակահայկական որևէ ենթատեքստ չկա։ Այդ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում Իսրայելի և Լիբանանի միջև էլ սահման չի եղել։ Անուշադիր որևէ մեկը գծել է այդ քարտեզը և որևէ մեկը չի սրբագրել։ Ես ու ևս մի քանիսը զանգել ենք հեռուստաընկերություն ու բացատրություն պահանջել և մեզ ասել են՝ ներեցեք, սխալ ենք արել։ Այդ պատճառով ծրագիրը հեռացրել են կայքջից, իսկ ավելի ուշ խմբագրված քարտեզով հաղորդումը վերբռնել յութուբյան ալիքում։ Հակաֆրանսիական տրամադրություններ պետք չէ բարձրացնել, որևէ դիտավորություն չկա կատարվածի մեջ»:
Մարտի 25-ին Ֆրանսիայի ժամանակով երեկոյան ժամը 9։00-ի սահմաններում (Հայաստանի ժամանակով կեսգիշերին) ARTE հեռուստաընկերության եթերում նույն «28 րոպե» հաղորդման ժամանակ դրա հաղորդավար Էլիզաբեթ Քուն (Élisabeth Quin) հեռուստադիտողներից և մասնավորապես հայերից, ներողություն է խնդրել։
«Շատ մեծ ներողություն կխնդրենք հատկապես հայերից, որովհետև երեկ մեր կոլեկտիվ սխալի հետևանքով Հայաստանի քարտեզը չի ցուցադրվել եթերում։ Շատ մեծ սխալ էր, բայց ոչ դիտավորյալ սխալ։ Ներողամիտ եղեք», — ավելի ուշ հեռուստաընկերության եթերից հնչած ներողության տեքստը Fip.am-ին փոխանցել է Կայծ Մինասյանը։
Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հղում անելով Nouvelles d'Arménie-ի լրագրող, ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզանյանի գրառումը։