Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակում մասնակցել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (École Polytechnique Fédérale de Lausanne - EPFL) կայացած ՄԱԿ-ի մոդել համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի դասախոսական կազմն ու ուսանողներ աշխարհի տարբեր համալսարաններից։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից:

 

EPFL-ը ճարտարագիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում աշխարհի առաջատար ուսումնական համալսարաններից մեկն է և դասվում է Շվեյցարիայի ամենահեղինակավոր գիտակրթական հաստատությունների շարքին։

Դեսպանն իր ելույթում հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի՝ հազարամյակների պատմության ինչպես փառավոր, այնպես էլ դժվարին էջերին, այսօրվա մարտահրավերներին, ինչպես նաև ապագային միտված նախաձեռնություններին։ Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ երկխոսության և կառուցողական ներգրավվածության միջոցով։

 

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում կարևորել է նաև համագործակցության և համատեղ պատասխանատվության վրա հիմնված բազմակողմ դիվանագիտության դերը՝ աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրավերներին դիմակայելու հարցում: Դեսպանը շեշտել է նաև երիտասարդության առանցքային դերը կայուն, խաղաղ ապագա կառուցելու գործում:

173