Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է:

Հակոբ Արշակյանը կարևորել է օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացումը և ընդգծել, որ խորհրդարանական տարբեր ձևաչափով հարթակները հնարավորություն են ընձեռում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր քննարկել:

Հակոբ Արշակյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը և վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և ընդգծել գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր ազդեցությունն է ունենալու ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև դրանից դուրս:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

115