
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ 40+10 հազար դրամի ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ծրագիրը նպատակ ունի մեղմել այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք բնակարանային աջակցության պայմանների փոփոխությունից հետո կարող են հայտնվել դժվար դրության մեջ։
«Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու հոգալ իրենց բնականային վարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,-նշեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից ցածր կլինի՝ ներառյալ աշխատանքային եկամուտները։ Այդ դեպքում ընտանիքին կհատկացվի 40 հազար դրամ՝ մեկ անդամի պարագայում, և հավելյալ 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով։
«Օրինակ, եթե չորս անդամ ունեցող ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազարից պակաս լինի, ապա այդ ընտանիքը կստանա լրացուցիչ ևս 70 հազար դրամ», – մանրամասնեց փոխվարչապետը։