
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության նպատակով ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչև այսօր պետական բյուջեի միջոցներից հատկացրել է ավելի քան 115 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հատկացված գումարների ավելի քան 85-90 տոկոսը տրամադրվել է բացառապես բյուջետային միջոցներից։
«Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հատկացված լրացուցիչ գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք, բայց մեր աշխատանքի սկզբունքը մեկն է եղել՝ երբ որոշում ենք, որ ծրագիրն անհրաժեշտ է, սպասել չենք կարող։ Իրականացնում ենք մեր բյուջետային միջոցներով, և հետո, եթե լինում են գործընկերներ, որոնք ցանկություն են հայտնում միանալ, դա միայն ողջունելի է», – ընդգծեց փոխվարչապետը։
Խաչատրյանի խոսքով՝ միջազգային համաժողովների միջոցով ֆինանսական միջոցների մոբիլիզացման ակնկալիքները գերագնահատված են, և կառավարությունը չի կառուցում իր քաղաքականությունը նման սպասումների վրա։
«Մենք չենք տեսնում այդպիսի լրացուցիչ հնարավորություն, եթե մենք տեսնենք, թե որ խնդիրն է, որ լուծված չէ և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով անցկացնելու կամ կազմակերպելու արդյունքում, իհարկե, կարող ենք դա անել, բայց դրա կարիքը և անհրաժեշտությունն այս փուլում մենք չենք տեսնում»,-նշեց նա։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջազգային համաժողովներ անցկացնելու առաջարկով հանդես էր եկել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որի նախաձեռնությամբ մարտի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացվել։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին պահպանել իրենց տրամադրվող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունը, ինչպես նաև ապահովել իրենց քաղաքական իրավունքների պաշտպանությունը։ Հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։