
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։
Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական համաձայնագրի (G2G) ստորագրման հնարավորությունները, որը երկարաժամկետ համագործակցության շրջանակ կապահովի, Կոնգոյի և Հայաստանի ադամանդագործների միջև։
«Մենք փնտրում ենք ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ վստահության և ընդհանուր արժեքի վրա հիմնված կայուն և փոխշահավետ գործընկերություն»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Նախարարը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։