Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն այս տարվա հունվարի 16-ին, թեմի ֆեյսբուքյան էջով  հրապարակեց մի գրություն, որով, նվազագույնը քսան կետերով հիմնավորեց Եկեղեցու բարեկարգության անհետաձգելի անհրաժեշտությունը։ Այդ քսան կետերը ներառում են թե՛ կոնկրետ հիմնահարցեր, որ ծառացած են եկեղեցու առջև և լուծման կարոտ են, և թե՛ փաստական մեղադրանքներ Կտրիճ Ներսիսյանին, որը լինելով թիվ մեկ պատասխանատուն, պառատկել և ընթացք չի տվել եկեղեցու մեջ հակականոնական երևույթների և բարոյական անկման մեջ հայտնված հոգևորականների խնդրահարույց վարքի հանգամանքների քննությանը և դրանց չեզոքացմանը։

Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի այդ հրապարակումը այսօր էլ հասանելի է, ֆեյսբուքյան էջից հեռացված չէ, խնդրով հետաքրքրվածները կարող են ևս մեկ անգամ ուշադիր կարդալ։ Հարկ է ընդգծել, որ Հովնան Սրբազանի բարձրաձայնած հարցերի պատասխանները դեռևս տրված չեն և սպասում են իրենց իրական գործուն լուծումներին։ Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր բարձրաձայնող հոգևորական, Հովնան սրբազանը նույնպես ենթարկվեց հարձակումների և զրպարտությունների։ Փետրվարի 6-ին տեղադրվեց թեմական խորհրդի հայտարարությունը, որով Թեմական խորհուրդը հայտնեց թե՛ Էջմիածնի նկատմամբ իր անսասան հավատքը և թե՛ ամբողջական զորակցություն Հովնան սրբազանին։ Այդ ընթացքում սրբազանը, դարձյալ քննարկումներ ունենալով Թեմական խորհրդի հետ հայտարարեց Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսական հավաքին մասնակցելու իր մտադրության մասին, ինչին հաջորդեց Մայր Աթոռի լրատվականներով Հովնան սրբազանի թիրախավորումը և զրպարտչական նյութերի տարածումը։

 Արդեն փետրվարի 12-ին սրբազանն անդրադարձավ Կտրիճ Ներսիսյանի շահերը սպասարկող լրատվամիջոցի տնօրինությանը և մոլորության մեջ գտնվող եղբայրներին՝ մասնավորապես գրելով․ «Այս զրպարտչական արշավին մեջ ներգրավվածներուն համար մենք խորապես կցավինք։ Անոնք խաբված են և կծառայեցվին պառակտում հրահրելու նպատակով»։

 Անշուշտ, Ավստրիայի եպիսկոպոսական հավաքին սրբազանի մասնակցելը, նոր շահարկումների դուռ բացեց, և սրբազանին անվանարկելու առաքելությանը լծվածները սկսեցին լուրեր տարածել սրբազանի նահանջի և Կտրիճ Ներսիսյանի հակաեկեղեցական խմբակին միանալու մասին։ Իսկ արդեն օգոստոսի 12-ին՝ Կտրիճ Ներսիսյանի դատարան ներկայանալուց օրեր անց, երբ Թեմի առաջնորդական դիվանը մի գրություն հրապարակեց, որի իմաստն այն էր, որ պետք է վստահել Աստծուն, աղոթել և հավատարիմ մնալ արդարության վերականգնման և իրավունքի առաջնահերթության անանց արժեքներին, Մայր աթոռին սպասարկող լրատվականն այս անգամ շտապեց այդ հայտարարությունը ներկայացնել որպես հաջակցություն Կտրիճ Ներսիսյանին։

 Հունվար 16-ին հնչեցված հարցերը լեգիտիմ են, և բարեկարգության օրակարգը դրանց լուծման անհետաձգելի անհրաժեշտության մասին է։

Civic.am

 

 

180