
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկի չափը կավելանա ևս շուրջ 30 տոկոսով:
Նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այս փուլում կարևոր է ներկայացված առաջարկի ընդունումը մինչև ամբողջական կվերանայվի ներդրվող համակարգը:
«Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականների գույքահարկի բեռը նախատեսվում էր փուլային տարբերակով ավելացնել միջինում 5-6 անգամ: Հարկային այս բեռն առաջանցիկ և թռիչքաձև աճում է հատկապես Երևանի Կենտրոն վարչական տարածքի բնակիչների համար, այդ թվում՝ տարեց բնակչության, որոնք ապրում են ժառանգաբար իրենց փոխանցված բնակարաններում»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է զեկուցողը և մտահոգություն հայտնել, որ նվազագույն կենսաթոշակ ստացող բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են լինելու իրենց ամբողջ թոշակն ուղղել միայն պահանջվող գույքահարկը վճարելուն:
Թադևոս Ավետիսյանը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա նշել է, որ բազմաթիվ երկրներ ունեն գույքահարկի չհարկվող շեմ:
ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Գործադիրի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Անդրադառնալով գույքահարկերի հավաքագրմանը՝ փոխնախարարը փաստել է. «2021 թվականին հավաքագրվել է շուրջ 12,7 մլրդ դրամ գույքային հարկ, իսկ 2024 թվականին՝ արդեն շուրջ 22 մլրդ դրամ»:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» օրինագիծը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 9-ի նիստում և ստացել բացասական եզրակացություն:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նաև քննարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրմանն առնչվող նախագիծը, որի հեղինակը ևս պատգամավոր Թադևոս Ավետիսյանն է:
Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը և դրանից բխող՝ վարչական պատասխանատվությունը:
Զեկուցողը խոսել է գործող համակարգի խնդիրներից: Ըստ պատգամավորի՝ եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը:
Կառավարությունն անընդունելի է համարում Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ևս ստացել է բացասական եզրակացություն: