Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 31-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել են Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Սնանկության օրենսգրքի նախագծով, ի թիվս այլնի, կարգավորվելու են հետևյալ հարցերը․

1) միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները, այդ թվում՝ օրենսգրքով կարգավորվել են նաև վարութային և դատավարական բոլոր ընթացակարգերը, գործերի ենթակայությունը և այլն.

2) տարանջատվել են պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչվելու հիմքերը.

3) հստակեցվել են սնանկության կանխարգելման դատական և արտադատական կառուցակարգերը, ամբողջությամբ նորովի նախագծվել է կանխարգելիչ վերակառուցման վարույթը՝ փոխարինելով սնանկության վտանգի վարույթին.

4) ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու համար պարտատերերը խմբավորվել են առանձին դասերում՝ շահերի որոշակի ընդհանրությամբ: Ֆինանսական առողջացումը հնարավոր կլինի պարտադրել դատարանի որոշմամբ (cram-down).

5) անդրադարձ է կատարվել սնանկության հատուկ ընթացակարգերին, մասնավորապես՝ նախատեսվել են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության համապարփակ կարգավորումներ, նախատեսվել են հատուկ/պարզեցված կարգավորումներ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների և հատուկ կարևորության կազմակերպությունների համար.

6) վերանայվել և հստակեցվել է սնանկության կառավարիչների լիազորությունների ծավալը.

7) նախատեսվել են անդրսահմանային սնանկության հետ կապված համապարփակ կարգավորումներ: Նախագծերի հանրային քննարկման ժամկետը սահմանվել է մինչև 30.04.2025 թվականը:

Ավելին, նշված ժամկետի ավարտից հետո որոշ ժամանակ Արդարադատության նախարարությունը կշարունակի ընդունել էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված առաջարկները ևս, իսկ մայիս ամսվա ընթացքում ֆոկուս խմբերի շրջանակներում կկազմակերպվեն հանրային դեմ առ դեմ քննարկումներ` նախագիծն ըստ անհրաժեշտության լրամշակելու նպատակով:

257