
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չունի 55 հազար դրամի եկամուտ, ապա այդ ընտանիքը կդիտարկվի ԼՂ բնակիչների համար աջակցության նոր ծրագրի շահառու: Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով՝ ապրիլից դեկտեմբեր ներառյալ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության նոր ծրագիրը:
Աջակցության չափը կլինի 40 հազար դրամ, որին ընտանիքի երկրորդ անդամից սկսած հավելյալ կգումարվի ևս 10 հազար դրամ:
«Եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որոնց հաշվով ընտանիքը 55 հազար դրամից ավելի եկամուտ չունի, կդիտարկվի շահառու և կստանա 40 հազար դրամ աջակցություն ընտանիքի համար՝ գումարած ևս 10 հազար դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից: Այսինքն՝ «40 հազար դրամ + 40 հազար դրամ», այն է՝ 80 հազար դրամ»,- ասաց նա:
Աջակցությունից չեն կարող օգտվել պետության հովանավորության ներքո գտնվող ընտանիքները, այն է՝ սոցիալական հաստատություններում՝ մանկատներ, ծերանոցներ, գտնվող անձինք:
Լրացուցիչ աջակցություն չեն ստանա նաև այն անձինք, որոնք պետության աջակցությամբ ներառվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ բնակվում են պետության տրամադրած տարածքներում, որոնք խնդիր չունեն բնակվարձ վճարելու:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։
Աջակցության ծրագրի մանրամասները՝ այստեղ: