Հայկական մեդիատիրույթում որակական նոր փոփոխություններ են ակնկալվում: Օգոստոսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:

 

Օտարերկրյա հեռուստաալիքներն օրենքի ընդունումից հետո կհեռարձակվեն միջազգային պայմանագրի  առկայության դեպքում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը շեշտեց, որ հանրային մուլտիպլեքսի 18 ալիքները նվազագույն սոցիալական փաթեթի մաս են, և իրենք ունեն տեղեկություն, որ նույնիսկ հետխորհրդային շրջանում չկա նման երկիր, որտեղ օտարերկրյա ալիք գոյություն ունենա: Թևոսյանը նշեց, որ գործող իրականությունը մասամբ կիսաիրավական կարգավորում ունի, և այս օրենքով փորձել են խնդրին տալ իրավական կարգավորում: Ռուսական լրատվամիջոցները, սակայն, մտահոգություն են հայտնել, թե նոր օրենքով ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթողարկվեն «դեղատոմսով»՝ նշելով, որ նոր օրենքը կազդի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: 

 

«Խոսքը վերաբերում է բոլոր օտարերկրյա հեռուստաալիքներին, և դա լեզվական ու ինֆորմացիոն անվտանգության միտում ունի: Խնդիրը ռուսական ալիքները չեն: Հիմա բանակցություններ են գնում ռուսական կողմի հետ միջազգային պայմանագիր կնքելու, թե որ ալիքները և ինչ ստատուսով կարող են ներգրավվել հանրային մուլտիպլեքսում»,- ասաց Թևոսյանը:

 

Պատգամավորը նշեց՝ հուսով է, որ շատ ավելի որակյալ ռուսական հեռուստաալիքներ կմտնեն Հայաստան: Նա ընդգծեց, որ անկախ հանրային մուլտիպլեքսից՝ ռուսական հեռուստաալիքները նաև մալուխային ցանցով, համացանցով Հայաստանում շատ մատչելի են, և նույնիսկ օտարերկրյա հեռուստաալիքների մեծ մասը ռուսերեն թարգմանությամբ է Հայաստան հասնում:

 

Թևոսյանն անդրադարձավ նաև հեռուստաալիքների բովանդակության կրկնօրինակման կամ հայերեն լուսագրերի տեղադրման փոփոխություններին:

 

Եթե դրսի ալիքներ են, որոնք գալիս են Հայաստան, դրանք չեն թարգմանվում, բնականաբար, եթե տեղական արտադրություն է, տեղական ծրագիր է, որն օգտագործել է այլալեզու կոնտենտ, այն պիտի հայերեն ուղեկցվող միջոցներով հեռարձակվի»,- ասաց Թևոսյանը:

 

Նա շեշտեց՝ օտարերկրյա ալիքները, որոնք պետք է ցուցադրվեն Հայաստանում, որևէ թարգմանության ենթակա չեն, քանի որ անտրամաբանական ու տեխնիկապես նույնիսկ անհնար է ակնկալելը, որ դրանք սինքրոն թարգմանվելու են, և այդ մասին խոսք անգամ լինել չի կարող:

1311