
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում, և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձ փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9․200․000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանները, համագործակցելով Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ, պարզել են, որ կատարվածը, այսպես ասած՝ առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է, մասնավորապես՝ ոստիկանություն ահազանգած անձի և նրա մտերիմ Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9․000․000 ՀՀ դրամը։
Մասիսի բնակիչ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։ Երկուսն էլ ձերբակալվել են։
Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։