Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, իսկ բանակցությունները՝ փաստացի ավարտված։

«Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է։ Ուրախ եմ արձանագրել, որ, ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտված են։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ։ Հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ», - ասաց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագրի և ԵԱՀԿ-ին ուղղված՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։

«Բազմիցս ասել եմ, որ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը հասկանալի օրակարգ է Հայաստանի համար։ Եթե մենք փակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը՝ իսկ մենք դա անում ենք, ապա ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ-ի լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքից ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելու քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,– հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

275