Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 28-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը ողջունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում ԵԱՀԿ-ին դիտորդի կարգավիճակի շնորհումը՝ բարձր գնահատելով կազմակերպության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգային հարցերին։ Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում փոխկապակցվածության խթանման հնարավորություններին։

72