
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարկ վճարողի օրվա առթիվ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը կարևորել է քաղաքացիական գիտակցությունն ու հարկ վճարելու դերը պետության կայացման գործընթացում։
«Պետության կայացման այս գործընթացում քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության շեմի բարձրացումը շատ կարևոր է, և հետևապես՝ Հարկ վճարողի օրը, որպես այդպիսին, պետության կայացման հիմնասյուներից մեկն է», նշել է Օրդուխանյանը։
Նրա խոսքով՝ պետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի ոչ միայն իր իրավունքները, այլև այն պարտականությունները, որոնք ստանձնում է պետության հանդեպ։
«Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է, որովհետև այդ հարկերի միջոցով է ձևավորվում նաև պետության սոցիալական քաղաքականությունը և ոչ միայն։ Այն կարևոր գործառույթները, որոնք պետությունը կարողանում է տարբեր ոլորտներում իրականացնել, կախված են այդ միջոցներից», – ընդգծել է նա։
Օրդուխանյանը համոզված է՝ հարկ վճարողի օրը պետք է արմատավորվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության մեջ և դառնա նաև հպարտության օր։
«Քաղաքացին հարկերը վճարելով նպաստում է պետության կայացմանը, և յուրաքանչյուրս հարկ վճարելով կառուցում ենք այն պետությունը և պետականությունը, որից ակնկալում ենք պաշտպանություն», – նշել է ինստիտուտի տնօրենը։
Օրդուխանյանը շեշտել է նաև քաղաքական և քաղաքացիական փոխհարաբերության փոխկապակցված բնույթը։
«Քաղաքական համակարգը գործում է մուտքերի և ելքերի սկզբունքի հիման վրա, երբ ոչ միայն պետք է պահանջել, այլ նաև աջակցել։ Այդ պահանջներն ի կատար են ածվում այն պարագայում, երբ քաղաքացին աջակցում է քաղաքական համակարգին»,-նշել է նա։
Ըստ Օրդուխանյանի՝ պետությունն ու քաղաքացին փոխադարձորեն պայմանավորում են միմյանց կայացումն ու զարգացումը։
«Այստեղ փոխկապակցված է պետություն և քաղաքացի գործընթացը, և մեկը նպաստում է մյուսի կայացմանը և զարգացմանը։ Այստեղ է նաև քաղաքացու և պետության միջև ներդաշնակությունը»,-ասել է նա։