
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը՝ ԱՀԿ ուղեցույցի համահեղինակ․ կապահովվի առողջապահական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը հրապարակել է «Թվային առողջապահական տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության և գաղտնիության գնահատում և ուժեղացում» ուղեցույցը` մշակված ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ պետությունների համար: Ուղեցույցի համահեղինակ է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։
2023 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից արձանագրվել է առողջապահական ոլորտի վրա կիբեռհարձակման ավելի քան 300 դեպք։ Ուղեցույցը նպատակ ունի օգնել պետություններին և կազմակերպություններին մշակել կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության ռիսկերի գնահատման ռազմավարություններ՝ համաձայնեցված իրենց առանձնահատուկ կարիքների, նպատակների և պահանջների հետ։
Ուղեցույցը ներկայացնում է գնահատման մեթոդաբանություն՝ հիմնված երեք հիմնական ուղղությունների վրա. մատչելիություն՝ թվային համակարգերի հուսալիություն և հասանելիություն, գաղտնիություն՝ անձնական և բժշկական տվյալների գաղտնագրում և տվյալների անվտանգ փոխանակում՝ ԵՄ կարգավորումներին համապատասխան, կառավարում՝ կառավարման հստակ շրջանակների ստեղծում՝ ապահովելու տվյալների որակը, բուժառուի անվտանգությունը, բուժման արդյունավետությունը և ռիսկերի կառավարումը:
«Թվային առողջապահական տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության և գաղտնիության գնահատում և ուժեղացում» ուղեցույցը կնպաստի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի թվային առողջապահության գործողությունների ծրագրի իրականացմանը՝ բարձրացնելով առողջապահական տվյալների անվտանգության և գաղտնիության մակարդակը։