
Չնայած ոստիկանության, բանկերի նախազգուշական հայտարարություններին` մեր քաղաքացիները շարունակում են վստահել համացանցով իրենց դիմած զեղծարարներին, դույզն իսկ չկասկածելով, որ իրենց կարող են խարդախությամբ կողոպտել։
Օրերս Araratnews.am-ի խմբագրություն էր զանգահարել ամերիկաբնակ Արփինե Հովսեփյանը. վերջինիս ֆեյսբուքյան էջի տվյալները նույնությամբ օգտագործելով՝ անհայտ անձը նոր էջ էր բացել եւ փորձել Արփինեի ֆեյսբուքյան ընկերներից խաբելով գումար շորթել` պահանջելով գումարի փոխանցումը կատարել Idram ինտերնետ-վճարային համակարգի միջոցով.
«Իմ անունով եւ նկարներով զեղծարարը կեղծ էջ էր բացել ու միամտաբար հենց ամուսնուս ընկերության հայտ ուղարկել: Ամուսինս դա տեսնելուց անմիջապես հետո գրում է տվյալ էջին ու սպառնում՝ իմանալուն պես, թե ով է այդ կեղծ էջը բացել, դատի է տալու, բայց պատասխանը դեռ չստացած տեսանք` էջն այլեւս գոյություն չունի»:
Սակայն, զեղծարարության նպատակով մշակված սխեման այսքանով չի հանգուցալուծվել։ Որոշ ժամանակ անց Արփինեի նկարներով կրկին էջ են բացել, բայց այս անգամ փոփոխված ազգանվամբ` Հովսեփյանի փոխարեն Պետրոսյան.
«Տվյալ անձն այս անգամ էլ խորամանկությամբ գտնում է երեխայիս նախկին դասարանի (Արփինեն 3 տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ- խմբ.) մի քանի ծնողի, իմ անունից գրում` «ինչ կլինի, եթե Idram-ից հասկանում ես, հաշվեհամար ասեմ` գումար փոխանցի, հետո քեզ հետ կփոխանցեմ», ծնողներից մեկը չկասկածելով, որ իրեն մոլորեցնում են, 27.000 դրամ ուղարկում է զեղծարարի նշած հեռախոսահամարին»:
Զեղծարարի ծուղակի հաջորդ զոհը Հովսեփյանի մեկ այլ ֆեյսբուքյան ընկեր էր. այս անգամ վերջինիս խնդրել էր նկարել բանկային քարտը դիմերեսից եւ դարձերեսից.
«Նույն էջից, ընկերներիցս մեկին ստիպել էր քարտն ուղարկել, իբր գործարք պետք է անի, նորից հետ փոխանցի, ու ընկերս նորից քարտը նկարել ուղարկել էր, առանց ազգանունը ստուգելու»:
Ընկերները հասկացել էին, որ խաբվել են, այն ժամանակ, երբ Արփինեի էջում տեսել էին նրա զգուշացումը.
Կեղծ էջի մասին ինֆորմացիան տեղադրելուց անմիջապես հետո Արփինե Հովսեփյանը իր ընկերներից անդադար նամակներ է ստանում, որ իրենք էլ են տարբեր սրտաճմլիկ սցենարներով գրություններ ստացել:
Araratnews-ը Idram-ից տեղեկացավ, որ իրենք դեռ անցած տարվա դեկտեմբերից հաճախորդներից անընդմեջ դիմումներ ու զանգեր են ստանում, որ այս կամ այն ժամանակահատվածում եւ տարբեր մեթոդներով փորձեր են արվել վերջիններիս դարձնել զեղծարարությունների զոհ. «Մասնավորապես, նրանց դիմում էին սոցցանցերի կամ զանգերի միջոցով, փորձում կորզել անձնական տվյալներ, որից անմիջապես հետո Idram հարթակում ձեւակերպում էին վարկեր կամ, օրինակ, հափշտակում քարտի եղած միջոցները»:
Ի դեպ, ՀՀ ոստիկանության ուշադրությունը հրավիրում ենք այս հեռախոսահամարին` +374 41657102։ Սա այն հեռախոսահամարն է, որի միջոցով զեղծարարը կատարել է իր գործարքները։
«ԱյԴի» բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի խոսքով մարդկային հսկայական ռեսուրսներ են կիրառվում հաճախորդների համար անվտանգության բավականին բարձր մակարդակ ապահովելու համար, սակայն մի խնդիր կա, որը հենց քաղաքացիները պետք է հաղթահարեն.
«Մեր ազգը բավականին էմոցիոնալ է, իսկ զեղծարարները դա շատ լավ գիտակցելով այդ ամենն օգտագործում են հօգուտ իրենց: Ասում են` սխալ փոխանցում եմ արել` կներեք, հիվանդ երեխայի համար է, շատ հաճախ անգամ խնդրում են հեռախոսը զանգելու համար, բայց ծանոթանում են առկա տվյալներին: Այս պարագայում արդեն հենց քաղաքացիները պետք է բարձրացնեն իրենց ֆինանսական գրագիտությունն ու շուտ գլխի ընկնեն»:
Մելիքյանը հորդորում է քաղաքացիներին` անձնագրային ու քարտային ոչ մի տվյալ չտրամադրել երրորդ անձի, այդ թվում` PIN կոդը կամ ցանկացած գաղտնաբառ:
Եզրափակելով զրույցը՝ Մելիքյանն ասաց. «Աշխարհն առաջ է գնում, ֆինանսական համացանցային գործիքները թվայնացվում ու առավել կատարելագործվում են, ուստի իրազեկումը պետք է լինի ոչ միայն ֆինանսական կառույցի խնդիրը, այլև պետական մակարդակով պետք է ներդրվեն միջոցառումներ»:
Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ