Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված HAYPASS ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշիեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրի» շրջանակում։

HAYPASS ՓԲԸ-ն մինչև 2026 թ․ երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք՝ կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով՝ ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։

Նախատեսվում է նաև ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության և տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ և բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների և անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։ Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետևյալ տրամաբանությամբ՝ կարգավիճակի որոշումը, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ՆԳ նախարարությունը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։

Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ և մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է։

85