Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին շրջանում Հայաստանում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ և ընդլայնվող բովանդակությամբ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության և երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր ապագայի տեսլականի վրա:

Շարունակվում են պարբերական այցելությունները բարձրագույն և բարձր մակարդակով, զարգանում և խորանում է համագործակցությունը պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում։

Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել և պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

ՀՀ նախագահը կարևորեց Հայաստանի և Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործոն։

«Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։

Այսօր գործընկերոջս հետ անդրադարձել ենք Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ներառյալ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերը։

Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային կարևորության մի շարք հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների և տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ։

 Ավարտելով խոսքս, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները, ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և ողջ տարածաշրջանի»,- իր խոսքն ամփոփեց ՀՀ նախագահը:

117