Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ՀՀ նախագահության շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ն ախարարությունից։

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ։

«Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում անցկացվող «Բիզնես և կենսաբազմազանություն» ֆորումին։

Մեզ համար պատիվ է հյուրընկալել այս կարևոր միջոցառումը՝ մեկ հարկի տակ համախմբելով կառավարությունների, գործարար և ֆինանսական շրջանակների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու փորձագետներին՝ քննարկելու մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերներից մեկը. ինչպես համատեղել տնտեսական զարգացումն էկոհամակարգերի պահպանության և վերականգնման հետ, որոնցից կախված են մեր բարեկեցությունն ու, ըստ էության, գոյությունը։

Չնայած խնդրի վերաբերյալ իրազեկվածության աճին և ստանձնված կարևոր հանձնառություններին՝ կենսաբազմազանության կորուստը շարունակվում է, իսկ մեր համատեղ ջանքերով արձանագրված առաջընթացը դեռևս բավարար չէ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով սահմանված նպատակներին հասնելու համար։

Սա մեզ բերում է առանցքային մի եզրահանգման. համոզված եմ, որ գործարար հատվածը պետք է դառնա խնդրի լուծման անքակտելի բաղադրիչը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր տարածաշրջանն անցնում է պատմական և հիմնարար վերափոխման փուլով։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման պայմաններում Հայաստանը ջանք չի խնայում ստանձնելու այն դերը, որն իսկզբանե կանխորոշված է աշխարհագրական դիրքով՝ դառնալու Սև ծովը, Կասպից ծովը և Պարսից ծոցը, Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկ՝ խաղաղության խաչմերուկ։

Սա ենթադրում է նաև գործընկերությունների և առևտրային կապերի դիվերսիֆիկացում։ Մեզ համար, և կարծում եմ՝ մեր օրերում շատերի համար, դիվերսիֆիկացումը դիմակայունության ապահովման ռազմավարություն է. բազմաթիվ գործընկերներ ունեցող երկիրը չի կարող կախվածության մեջ հայտնվել որևէ առանձին շուկայից։

Հետևաբար, փոխվում է նաև մեր տնտեսությունը՝ ինչպես արտադրվող ապրանքների և ծառայությունների, այնպես էլ դրանց իրացման շուկաների առումով։ Հատկապես ընդլայնվում են զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտները, իսկ Հայաստանը դառնում է արհեստական կամ սուպեր բանականության և նորարարական նախագծերի իրականացման կենտրոն։Աճում են Հայաստանից դեպի Եվրոպական միություն և Պարսից ծոցի երկրներ արտահանման ծավալները, իսկ ԵՄ-ի հետ մեր նոր օրակարգը բացում է դռներ, որոնք տասնամյակներ շարունակ փակ են եղել։

«S&P» վարկանիշային գործակալության տվյալներով՝ 2022-2025 թվականներին Հայաստանի տնտեսական աճը միջինում կազմել է 7,8%, ինչը գործակալության կողմից վարկանիշավորվող 143 երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներից է։2026 թվականի առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով՝ գերազանցելով կանխատեսումները։ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով, ընդ որում՝ միայն հուլիսին արձանագրվել է 17% աճ՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ։

Միևնույն ժամանակ, աշխարհի հետ փոխկապակցվածությունը նաև արտաքին անվտանգության ապահովման գործիք է։ Այս գործոնը հնարավորություն է տալիս երկրին դառնալու համաշխարհային մատակարարման շղթաների և տնտեսական շրջանառության այնպիսի կարևոր օղակ, որ նրա անվտանգությունն ու կայունությունը նշանակություն են ստանում բազմաթիվ այլ երկրների, այդ թվում՝ հարևան պետությունների համար, և հակառակը։

Տնտեսական փոխկապակցվածությունն ու փոխադարձ օգուտները դառնում են խաղաղության կայունության ապահովման և դրա հետագա ինստիտուցիոնալացման յուրօրինակ երաշխիք։

Խոսելով գործարարության և կենսաբազմազանության փոխկապակցվածության մասին՝ կցանկանայի հատկապես ընդգծել, որ միջազգային առևտուրը կարող է նպաստել կայուն զարգացմանը՝ խթանելով տեխնոլոգիաների, գիտելիքի և արտադրանքի փոխանակումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու առավել արդյունավետ և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու արտադրություն։

Առևտուրն ու ներդրումները կարող են նաև նպաստել, որ երկրներին հասանելի դառնան կենսաբազմազանության ոլորտում իրենց ստանձնած հանձնառությունների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու տեխնոլոգիաները։

Այս համատեքստում մեր խնդիրն է ապահովել, որ միջազգային տնտեսական համագործակցությունը ծառայի բնության պահպանությանը, այլ ոչ թե վնասի դրան։

Միևնույն ժամանակ, կենսաբազմազանության պահպանության նպատակները չպետք է դառնան զարգացման լրացուցիչ խոչընդոտ կամ տնտեսական անբարենպաստ պայմանների առաջացման պատճառ։ Ընդհակառակը, դրանք պետք է նոր հնարավորություններ ստեղծեն նորարարության, մրցունակության բարձրացման և կայուն աճի համար։

Հաջող անցումը պետք է ապահովի, որ բնության վրա դրական ազդեցություն ունեցող գործարար մոդելները լինեն տնտեսապես կենսունակ, ընդլայնման ենթակա և մրցունակ։

Բազմակողմ համագործակցության, միջազգային գործընկերային հարաբերությունների և մեր գործընկերների հետ երկխոսության միջոցով մենք կարող ենք համախմբել քաղաքական աջակցությունը և նպաստել միջազգային տնտեսական համագործակցության համապատասխանեցմանը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր ընդհանուր հանձնառություններին։

Որպես COP17-ի նախագահող երկիր՝ Հայաստանը դիվանագիտությունը դիտարկում է որպես համաձայնության ձևավորման և համատեղ ջանքերի ամրապնդման կարևոր գործիք՝ ապահովելու, որ կենսաբազմազանության ոլորտում ստանձնած հանձնառությունները վերածվեն շոշափելի արդյունքների։

Հարգելի՛ մասնակիցներ,

Կարծում եմ՝ կան երեք ուղղություններ, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք մեր համատեղ ջանքերում։

Առաջին՝ մենք պետք է ձևավորենք հետևողական և բարենպաստ քաղաքական միջավայր։ Սա ներառում է կենսաբազմազանության վրա բացասաբար ազդող սուբսիդիաների և տնտեսական լծակների վերանայումն ու բարեփոխումը՝ միաժամանակ խթանելով դրական ազդեցություն ունեցող խրախուսման մեխանիզմները և ապահովելով, որ բարեփոխումներն իրականացվեն արդար և թափանցիկ կերպով՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը համապատասխան համայնքների և տնտեսության ոլորտների վրա։

Երկրորդ՝ մենք պետք է համախմբենք ֆինանսական ռեսուրսներն ու տեխնոլոգիան՝ հանուն բնությունը պահպանող զարգացման ։ Անհրաժեշտ է ամրապնդել այն գործընկերային կապերը, որոնք նպաստում են ներդրումային խոչընդոտների նվազեցմանը, ֆինանսավորման հասանելիության բարելավմանը և գործարար հատվածի աջակցությանը, հատկապես զարգացող երկրներում։

Երրորդ՝ մենք պետք է ամրապնդենք հաշվետվողականությունը և իրական արդյունքների գնահատումը։ Արդյունավետ քաղաքականությունը ձևավորում է համապատասխան խթաններ, ֆինանսական միջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կյանքի կոչելու նախատեսված քայլերը, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը նպաստում են, որ ստանձնած հանձնառությունները վերածվեն չափելի արդյունքների։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եկեք օգտագործենք COP17-ի ընձեռած հնարավորությունը՝ ամրապնդելու կապերը բնապահպանական հանձնառությունների և տնտեսական որոշումների կայացման, պետական քաղաքականության և մասնավոր նախաձեռնությունների, ինչպես նաև այսօրվա ներդրումների և ապագա սերունդների բարեկեցության միջև։

Մաղթում եմ ձեզ արդյունավետ քննարկումներ և ֆորումի հաջող ընթացք։

Շնորհակալություն»։

113