Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։

Թվով 19 համայնքներում տեղի կունենա համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքները։

ԿԸՀ-ից հայտնում են, որ թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել է առաջադրման 46 դիմում։ 1 կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։

5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք, առաջադրվել է 1-ական կուսակցություն,

6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ,

Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել է 3-ական քաղաքական ուժ,

4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում են 4-ական քաղաքական ուժ։

Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։

Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ը՝ ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։

95