Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

«Օրերս ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա «ՕՆԷՔՍ»-ի առաքանիների ստացման պահոցից: Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24-ժամյա հսկողություն: Արդյունքում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է: Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում: Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածից։

Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ: Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում` ձերբակալվել:

Ներկայում Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

161