Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր կառավարության առանցքային նպատակներից է Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտի՝ համակարգային կոռուպցիայի վերացումը և հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը։ Այս ուղղությամբ վերջին տարիներին իրականացված սկզբունքային աշխատանքն արդեն տվել է տեսանելի արդյունքներ։ Արդյունքներ, որոնք այնքան ակնհայտ են, որ առաջացնում են կոռուպցիայի կնքահայրերի և նրանց հետևորդների նյարդային արձագանքները՝ այդ թվում՝ Ազգային ժողովում։

Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու իշխանության գալով չենք գնացել վենդետաների ճանապարհով, չենք ենթարկել պատասխանատվության նրանց, ովքեր իշխանության էին եկել ծակ վերնաշապիկով, իսկ երկու տասնամյակ անց դարձել են Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր՝ Հայաստանն ու նրա քաղաքացիներին թողնելով աղքատության ու չքավորության ճահճում։

Բայց մեր սկզբունքը եղել և մնում է նույնը՝ կառուցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ապահովել պատասխանատվություն բացառապես Սահմանադրության ու օրենքների շրջանակում՝ առանց հաշվեհարդարի և քաղաքական համակրանքների։ Մենք ընտրել ենք պետություն կառուցելու ճանապարհը՝ ձևավորելով այն ինստիտուտները, որոնք շարունակելու են բացահայտել և պատժել կոռուպցիոն հանցագործությունները՝ ոչ թե վրեժխնդրությամբ, այլ արդարադատությամբ։

Բնականաբար, սա հաճելի չէ նրանց, ովքեր տարիներ շարունակ օգտագործել են Հայաստանը՝ որպես անձնական հարստություն կուտակելու խոպան։ Նրանք պետք է «հայրենիքը փրկելու» անվան տակ ամեն տեսակ շարժումներ գեներացնեն, լարեն ներքաղաքական իրավիճակը, ձեռնարկեն ապարդյուն ճիգեր՝ դիմելով Սահմանադրական դատարան այս ամբողջ ինստիտուցիոնալ բազան չեզոքացնելու համար։ Սակայն պարզից էլ պարզ է՝ նրանց մտահոգությունը ոչ թե հայրենիքի, այլ գողոնի փրկությունն է։ Եվ այդ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ Հայրենիքն այլևս փրկված է, որովհետև նրանք անդառնալիորեն զրկված են այդ հայրենիքում երբևէ կրկին իշխանություն լինելու և այդ իշխանությունը սեփական բարեկեցությանը ծառայեցնելու հնարավորությունից։

 Եվ այստեղ տեղին է միայն մեկ հարց․

Իսկ որն է, բաբո, նրանց հայրենիքը…?

558