Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում:

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս:

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարեւորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ եւ անվտանգ վերադարձը:

Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը եւ սերբ ինքնավարության խոսնակ Ալեքսով Լյուբոմիրը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները:

107