Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունը առաջարկել է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ՀՀ տարածքում երթևեկել առանց ֆիզիկական հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը տրամադրված են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Նախագիծը հաստատվեց կառավարության մայիսի 15-ի նիստում։

Նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կարող է ընտրել՝ ստանալ վկայականները ֆիզիկական, թե թվային ձևաչափով։ Թվային տարբերակը կլինի իրավաբանական առումով հավասարազոր ֆիզիկական տարբերակին։ «Նախագիծը չի բացառի ֆիզիկապես վկայականներ ունենալու գործընթացը, այլ դիմողի ցանկությամբ կապահովի դրանց թվային տարբերակի տրամադրման հնարավորություն»,- նշված է նախագծում։

Բացի դրանից, առաջարկվում է սահմանել պետական տուրք թվային տարբերակների տրամադրման համար՝ նույն չափով, ինչ ֆիզիկական տարբերակների դեպքում։ Այսինքն՝ քաղաքացին, որն արդեն ունի գործող վարորդական վկայական, կկարողանա դիմել և ստանալ դրա թվային տարբերակը՝ առանց նոր քննությունների կամ լրացուցիչ ընթացակարգերի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում առաջարկեց ապագայում վերանայել ոլորտային քաղաքականությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները։

Նոր կարգավորումները նպատակ ունեն նվազեցնել բյուրոկրատիկ ծանրաբեռնվածությունը քաղաքացիների համար և նպաստել ծառայությունների թվայնացմանը՝ առանց ՆԳՆ ստորաբաժանում անձամբ այցելելու։ Նախատեսվում է նաև, որ հաշվառման վկայագրերն ու պետհամարանիշները հնարավոր կլինի ստանալ փոստային առաքմամբ՝ ուղղակիորեն հասցեատիրոջ բնակության վայրում։ Այս մասով նախագծում նշվում է, որ կսահմանվի պետական տուրք նաև փաստաթղթերի առաքման ծառայության համար։

261