Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այժմ քննություն է գնում։ Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված»,- ասաց Անդրեասյանը։ 

Նա  նշեց, որ նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, նաև պետք է մանրամասն հասկանալ, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, որ օղակն է  իր տեղում եղել և ճիշտ արձագանքել։

«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես, դրանց որոշակի նշաններ երևում են, անհագստացնող ազդակներ են լինում։ Եթե մենք այստեղ ունենանք բավարար զգայունություն և արձագանք  ընտանիքներից, դպրոցից, միջավայրից,  դրանք չեն կարող նման սրացում ունենալ, խորանալ և կարող են շատռ ավելի վաղ փուլում կանխվել»,–ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍՆ–ն այստեղ լուրջ անելիք ունի մի քանի ուղղություններով։

«Նախ, երեխաները պետք է տեղեկացված լինեն այն վնասական հետեւանքներից, սովորություններից, նաեւ վտանգներից եւ պարզ լինի, թե որ իրավիճակում ով ինչ կարող է առաջարկել եւ իրենք ինչպես կարող են արձագանքել։ Նաեւ իմանան, այդ պարագաներում ում կարող են դիմել, ինչպես կարող են աջակցություն ստանալ։

Այո, մենք ունենք խնդիր նաեւ դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման»,–ասաց նախարարը՝ հավելելով, որ դպրոցներում անցակետեր տեղադրելը այդ ստանդարտի մի բաղադրիչն է ընդամենը։

«Մեզ մտահոգում է ոչ միայն թմրանյութերը, այլեւ կողմնակի ազդեցություններով տարբեր միջադեպերը։ Դպրոցների ելումուտը վերահսկելու խնդիր ունենք։

Ինչ վերաբերում է թմրանյութերին, մենք հիմա քննարկում ենք դպրոցներում թեստավորման տարբերակը։ Ուզում ենք հասկանալ՝ ինչ եղանակով դա կարող է իրականացվել՝ հաշվի առնելով անձնական տվյալների հետ կապված հարցերը։ Հասկանում եք, որ սա բավականին զգայուն ու նուրբ թեմա է, բայց մյուս կողմից մեր երեխաների առողջության ու անվտանգության առնչվող շատ կարեւոր հարց է։ Առաջիկայում մենք ընդունելի տարբերակը կգտնենք։

Այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի, ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Ժ.Անդրեասյանը նշեց, որ իրենք պարբերաբար ահազանգեր ստանում են, որ ինչ-որ կասկածելի բաներ են նկատում դպրոցների մոտակայում, արագ կապ են հաստատում իրավապահների հետ։

«Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից»,–ասաց նա։

Հիշեցնենք՝  Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),  4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

131