Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասում պետք է լինի կապ, այլ ոչ թե բաժանում, իսկ «միջանցքի» տրամաբանությունը հենց այդ կապը խզելու մեջ է։

Այս մասին այսօր «Երևանի երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով Թեհրանի դիրքորոշումը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

«Դա շատ կարևոր է, ես ուզում եմ ընդգծել և շատ հստակ ասել, որ մենք չենք ընդունում տարածաշրջանում որևէ աշխարհագրական փոփոխություն, անկախ նրանից, թե ինչպես ենք այն անվանում՝ «Զանգեզուրի միջանցք» կամ նման մի բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնվեն միմյանց հետ, բայց այս համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, նորմերի, երկրների ինքնիշխանության և ինքնավարության սկզբունքների վրա», - ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը՝ հավելելով․ «Իմ ցանկությունն էր Հայաստանից լսել, որ միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն այն է, որ խզվի կապը տարածաշրջանում, սա այն է, ինչ մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայում», - ասաց Խատիբզադեն։

Նա հավելեց, որ Իրանը 100%-ով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և կարծում է, որ դա հնարավոր կլինի անել մոտ ապագայում։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը լավ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

 


 

377