Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ 4 հեկտար մակերեսով հողամասը ամրացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Նախարարի խոսքով՝ հողամասը փոխանցվել է պետությանը հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճռով, Աշտարակի համայնքապետի դեմ ՀՀ դատախազության հայցի բավարարման արդյունքում։ 2005 թվականին կայացած աճուրդը, որով հողամասը օտարվել էր, ճանաչվել է անվավեր, և 2025 թվականի մարտի 14-ին հողամասը գրանցվել է որպես ՀՀ սեփականություն։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ հողամասի վերադարձը տեղի է ունեցել համայնքային շահի պաշտպանության գործառույթների շրջանակում։ Նրա խոսքով՝ Օրգովի նախկին ղեկավարը հողամասը 2005 թվականին աճուրդով օտարել էր սեփական որդուն, իսկ այն տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Քանի որ հողամասը հանդիսանում է «հատուկ պահպանվող տարածք», այն առաջարկվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը։

Անդրադառնալով նախկինում պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ մայրաքաղաքի Հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ երկու հողամաս արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը։

Հարցի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ այն բոլոր համակարգերը, որ ներդնում են, նրա մասին չէ, որ դատում են ուրիշներին, այլ այն մասին, որ ինչ դատով դատում են ուրիշներին, այդ նույն դատով իրենք են դատվելու․ «Հիմա ապօրինի գույքի այդ 4 ուղղությունները, դե յուրե այդտեղ 4 ուղղություն կա՝ համայնքային շահ, պետական շահ, ապօրինի գույք և քրեական գործերի շրջանակներում բռնագանձումներ, քաղաքականապես բոլորի անունը դնում ենք ապօրինի գույք։ Այս ապօրինի գույքի վերադարձի գործընթացը նաև դրա մասին է, որ ինչ դատով դատում ենք, նույն դատով էլ մեզ ենք դատելու, նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում 

377