Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։

Այս տարի նույնպես ծրագիրը շարունակվում է. մրցույթի արդյունքում ևս 50 դպրոցի հնարավորություն կտրվի վաստակել նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։ Ծրագիրը երրորդ տարին անընդմեջ հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի, իսկ այս տարվանից նաև «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ։

Մրցույթ-ծրագրին կարող են դիմել «Աշխարհացույց» կրթական համայնքի շահույթ չհետապնդող այն բոլոր հանրակրթական դպրոցները, որոնք ունեն «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառման առնվազն եռամսյա փորձառություն և նախկինում ծրագրի շրջանակում սմարթ-էկրան չեն վաստակել:

Մրցույթի թեման է՝ «Քարտեզագրելով ազգային և (կամ) համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին»։ Մրցույթը կընթանա երկու փուլով: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Դիմումի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլհասցեին՝ «Թեմա» բաժնում գրելով ծրագրի անվանումը՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025»:

Օգոստոսի 20-ին կմեկնարկի 2-րդ՝ բուն նախագծի իրականացման և վերապատրաստումների փուլը և կավարտվի նոյեմբերի 1-ին՝ նախագծային աշխատանքների հանձնմամբ։ Ծրագրի երկրորդ փուլ անցած դպրոցները կներգրավվեն առնվազն 6 թեմատիկ վերապատրաստումներում (նախագծային աշխատանքի հմտություններ, 21-րդ դարի հմտություններ, ՏՀՏ հմտություններ, պրեզենտացիոն հմտություններ և այլն), որոնց նպատակն է ներգրավված դպրոցներին ուղղորդել և աջակցել լավագույն նախագծային աշխատանք կատարելու ճանապարհին։ Նախագծային աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից: Լավագույն 50 աշխատանքներ ներկայացրած դպրոցները կվաստակեն նոր սերնդի սմարթ-էկրան:

Ծրագրին դիմելու մանրամասները՝ կից:

83