Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքուն դեռևս չի արձագանքել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ Հայաստանի կողմից փոխանցված նյութերին, լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը APRI Armenia ֆորումի շրջանակներում։

Նրա խոսքով` հայկական սահմանամերձ գյուղերի տարածքում ադրբեջանական դիրքերից արված կրակոցների նպատակներից մեկը կարող է լինել «միջազգային հանրության ուշադրությունը խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված հաջողություններից շեղելը»։

«Իհարկե, կարող են լինել այլ նպատակներ, մենք շարունակում ենք հետևել և փորձել հասկանալ դրդապատճառները», - ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերը հետաքննող համատեղ հանձնաժողով։ Բաքվին է փոխանցվել պաշտոնական փաստաթուղթ, և որոշակի քննարկումներ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ։

Երևանը Ադրբեջանին խնդրել է փոխանցել «հայկական կողմից խախտումների» վերաբերյալ տվյալներ։ Հայկական կողմը մանրամասն հետաքննություն է անցկացրել, և գրեթե որևէ խախտում չի հայտնաբերել։

Իր հերթին, Հայաստանը ուղարկել է սահմանային միջադեպերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` տեսագրություն ադրբեջանական կողմի խախտումների վերաբերյալ։

«Մենք ակնկալում ենք ադրբեջանական կողմի հետաքննությանը... Ադրբեջանը դեռևս նման տվյալներ չի փոխանցել հայկական կողմին, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կանեն», - նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում Սյունիքի Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։ Ժամանակ առ ժամանակ նրանք թիրախային կրակ են բացում բնակելի տների վրա։

339