Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրից:

Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ-ի կողմից ավելի վաղ ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին պաշտոնական դիմումից` միանալու ՄԱԿ-ի ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրին, որի շրջանակներում նախատեսված է համապարփակ աջակցություն չորս հիմնական ուղղություններով (իրավական, գործառնական, տեխնոլոգիական և տրանսպորտային)` վերոնշյալ համակարգերի ներդրման նպատակով: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի, ինչպես նաև ՄԱԿ այլ մասնագիտացված գործակալությունների, ԵԱՀԿ, ԻՆՏԵՐՊՈԼ-ի, ինչպես նաև տեղական և միջազգային ավիափոխադրողների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ազգային խորհրդակցությունների ընթացքում ստորագրվել է «Միավորված ազգերի կազմակերպության՝ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության մասին» համաձայնության նամակը` հիմք ստեղծելով ՄԱԿ և ՀՀ կողմից վերոնշյալ նպատակի համատեղ իրականացման համար: 

Տեղեկություն․ Ազգային խորհրդակցությունների հիման վրա միջազգային գործընկերների կողմից մշակվելու է հետագա քայլերի ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանում ՈՒՆՏ և ՈՒԱԳ համակարգերի սահուն ներդրմանը:

98