Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Ստորև ներկայացնում ենք նոր Սահմանադրությամբ Մարդու իրավունքներին առմչվող դրույթները:

«Նոր Սահմանադրության նախագծի երկրորդ գլուխը մարդու իրավունքներն ու պարտականությունները ներկայացնում է նոր կառուցվածքով։ Դրա հիմքում «մարդը բարձրագույն արժեք է» սկզբունքն է։ Մարդն ազատ է անել այն ամենը, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը կամ օրենքին։

Կյանքի, ազատության, կրթության, առողջության, սեփականության և մյուս հիմնական իրավունքները ներկայացվում են մեկ ընդհանուր հոդվածում։ Առանձին սահմանվում է՝ ինչպես են դրանք պաշտպանվում և երբ կարող են սահմանափակվել։ Նախագծում հստակ առանձնացվում են իրավունքներ, որոնք չեն կարող սահմանափակվել նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։ Մյուս իրավունքների սահմանափակումները պետք է լինեն օրենքով նախատեսված, հիմնավորված, անհրաժեշտ և համաչափ։ Այսինքն՝ պետությունը չի կարող սահմանափակել մարդու իրավունքն առանց բավարար հիմքի կամ ավելի, քան անհրաժեշտ է։

Սոցիալական ապահովությունը ճանաչվում է որպես մարդու հիմնական իրավունք։ Ամրագրվում է նաև առողջության պահպանման իրավունքը և սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի բժշկական ծառայությունների հասանելիության իրավունք։ Հստակ նշվում է հիմնական կրթության պարտադիր լինելը, նախատեսվում է մշակութային կյանքին մասնակցելու և գիտության նվաճումներից օգտվելու իրավունքը։

Մարդու՝ իր մասին հավաքված տվյալներին ծանոթանալու, դրանց ուղղումը կամ հեռացումը պահանջելու իրավունքը պետք է պաշտպանված լինի ոչ միայն պետական մարմինների, այլև մասնավոր կազմակերպությունների հետ հարաբերություններում։

Համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար առաջարկվում է բնակության լրացուցիչ ցենզ. 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին քվեարկությանը նախորդող երկու տարում պետք է առնվազն մեկ տարի մշտապես բնակված լինի Հայաստանում։ Տեղական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցող օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար նախատեսվում է տվյալ համայնքում բնակվելու համանման պայման։ Ընտրական հանցագործությունների համար դատապարտված անձանց ընտրելու կամ ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել որպես պատիժ՝ դատարանի որոշմամբ։

Նախագիծը թույլ է տալիս օրենքով սահմանափակել օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների՝ Հայաստանում հողի սեփականություն ձեռք բերելու իրավունքը։

Նախագծում առանձին և ամբողջական ձևով ներկայացվում են Սահմանադրությունն ու օրենքները հարգելու, հարկեր վճարելու, շրջակա միջավայրի պահպանության մասին հոգ տանելու, երեխաների դաստիարակության և պետության պաշտպանությանը մասնակցելու պարտականությունները»,- նշվում է պարզաբանման մեջ։

49