Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով փրկված և վերականգնողական փուլ անցած ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան 2 գորշ արջ հաջողությամբ վերադարձվել են վայրի բնություն։
Տեսչական մարմնի աշխատակիցները 2025 թվականին Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի հարակից տարածքում մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված մոտ 8 ամսական քոթոթին, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն բնակավայրի հարակից տարածքում մոտ 7-8 ամսական հյուծված ու ծանր վիճակում հայտնաբերված քոթոթին հանձնել էին Հիմնադրամի Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։
Վերականգնողական կենտրոնում արջերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո և մարդու հետ նվազագույն շփմամբ իրականացված խնամքը թույլ է տվել պահպանել քոթոթների վայրի բնազդները, մարդու նկատմամբ զգուշավորությունն ու ինքնուրույն սնունդ հայթայթելու հմտությունները՝ նախապատրաստելով նրանց բնական միջավայր վերադառնալուն։
Կենդանիների անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը գնահատելու նպատակով 2 արջերի պարանոցներին էլ ամրացվել են հատուկ արբանյակային տեղորոշման վզկապեր։ Դրանց միջոցով մասնագետները շուրջ մեկ տարի կիրականացնեն մշտադիտարկում՝ հետևելով կենդանիների տեղաշարժին, կերային տարածքների ընտրությանն ու վայրի բնության մեջ վարքագծին։
Բացթողման գործընթացն իրականացվել է Ծաղկունյաց լեռների հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության տարածքում։