
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականի ապրիլ ամսին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս տեղամասերում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կողմից իրականացվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի 12,7 կիլոմետր հատվածի սահմանազատում, իսկ մայիսից նշված հատվածի պահպանությունն իրականացնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ստորաբաժանումների կողմից՝ սահմանային ծառայության եղանակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչ, գնդապետ Մանվել Մայիլյանը։
Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից պահպանության են ընդունել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի շփման գծի Բերքաբեր-Կիրանց և Կիրանց-Ոսկեպար միջանկյալ չսահմանազատված մոտ 7.6 կիլոմետր երկարությամբ տեղամասը։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ներկա պահին իրականացնում են Տավուշի մարզի Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս ընդհանուր մոտ 20,3 կիլոմետր հատվածի պահպանությունը՝ «Բերքաբեր», «Կիրանց» և «Ոսկեպար» սահմանապահ ուղեկալների ուժերով ու միջոցներով։ Սահմանապահ վերակարգերը ծառայությունն իրականացնում են կահավորված բաց դիտակետերից, զինված հրաձգային զենքով (ԱԿ-74 պահեստատուփը կցված չէ զենքին), առանց զրահաբաճկոն և սաղավարտ։ Տեղամասը կահավորված է ցերեկային և ջերմատեսիլ տեսադիտման համակարգերով։
Պահպանվող տեղամասում իրականացվել է մոտ 10 կիլոմետր սահմանային ճանապարհների և փշալարային արգելափակոցների կառուցման, ինչպես նաև ականազերծման աշխատանքներ։ Նաև սահմանագծին զուգահեռ՝ կառուցված է 130 մետր հենապատ և 510 մետր մետաղական պարիսպ»,- մանրամասնել է ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչը։