Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․

«Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ստեղծելով ևս մեկ առիթ` բարձրաձայնելու փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս աշխատանքը ներառում է ոլորտային վերլուծություններ, զեկույցներ, միջպետական և միջազգային կառույցների հետ համագործակցություն, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններ։

Այս համատեքստում հատկապես կարևոր է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին արձագանքելուն ուղղված գործունեությունը։ Պաշտպանը հետևողականորեն շարունակում է բարձրացնել նրանց իրավունքների պաշտպանության հարցերը՝ ընդգծելով միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման և խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։

Ցավոք, այսօր աշխարհում փախստականների թիվը շարունակաբար աճում է։ Դրա վկայությունն էին նաև 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայության տեղահանմանը՝ ստեղծելով խորը մարդասիրական ճգնաժամ։

Այս իրողությունները ստիպում են վերանայել և կատարելագործել իրավունքների պաշտպանության գործիքակազմը՝ ապահովելու բռնի տեղահանվածների, փախստականների և ապաստան հայցողների հիմնարար իրավունքների լիարժեք իրացում։

Պետական կառույցները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերը՝ այս մարդկանց արժանապատիվ և ապահով կյանքը երաշխավորելու համար»:

89