Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիա կատարած այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները:Մենք մեր խոսույթում անընդհատ ասում ենք հայ-թուրքական հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները մենք ետք է ձևակերպենք որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչը շատ կարևոր առանձնահատկություն է:

Այս մասին Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.

«Ես կարծում եմ, որ այս փուլը, որը սկսվել է և որի շարքում է իմ այցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգին վերաբերելի այց է, և  վերաբերվում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և սա շատ կարևոր առանձնահատկություն է: Եվ ես կարծում եմ, որ պետք է ընդգծել նաև,  քանի որ, ըստ էության մենք հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, պայմանական էդպես ասենք, էնպես չի, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի չեն ունեցել: Եղել են, իհարկե նման ինտենսիվությամբ չէ, բայց այդ շփումները եղել են թե 90-ականների սկզբին, թե ավելի ուշ, թե 2000-ականներին, եղել են նաև հայտնի դիվանագիտական ջանքերը որոշակի կարգավորում բերելու հարաբերություններում, բայց այնուամենայնիվ, քանի որ ըստ էության իրենք հետագա զարգացում չեն ունեցել, մենք մոտավորապես 2022 թվականին էլ, հիմա էլ եթե հաշվի առնենք որ դիվանագիտական հարաբերություններ չունենք հաստատված մեր սահմանները բաց չեն և այդպես շարունակ, ըստ էության մենք միջինացված մի զրոյական կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում:

Ըստ էության նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է և նոր հարաբերություններ հաստատելու օրակարգ է այս ամենը։ Սա կարևոր ընգծում է որովհետև նախ դա է բխում տրամաբանությունից, դա է բխում մեր օրակարգից և դա է բխում մեր երկրների շահերից»:

Ըստ վարչաետի, երբ որ այս կերպ են ձևակերպվում հարցերը, բազմաթիվ խնդիրներ շատ ավելի հասանելի, լուծելի և իրատեսական են թվում:

«Ես հիշում եմ 2022 թվականին կամ 21 թվականի վերջին մեր ներկա գործընկերների հետ մեր աշխատանքային քննարկումը կապած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Մենք այս օրակարգի մասին խոսում էինք, քննարկում էինք և ընթացքում հարց ծագեց՝ արդյո՞ք մենք հավատում ենք, որ հնարավոր է այս օրակարգը հաջողությամբ պսակվի այսինքն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման օրակարգը հաջողություն ունենա և էն ժամանակ իսկապես դա շատ կարևոր և ծանրակշիռ հարց էր:

Քննարկման արդյունքում մենք եկանք հետևյալ եզրակացության. որ եթե մենք օրակարգը ստանձնում ենք մենք պարտավոր ենք հավատալ, որ դա հնարավոր է և իրագործելի է, հակառակ դեպքում կստացվի որ խաբում ենք ինքներս մեզ, ըստ էության մեր հանրությանը սխալ ուղերձ ենք տալիս, ըստ էության մեր միջազգային գործընկերներին ենք սխալ ուղերձ տալիս և  այդ թվում Թուրքիային, իսկ դա արդեն շատ վատ մեկնարկ է:

Հետևաբար, մենք պետք է հավատանք որ դա իրագործելի խնդիր է որպեսզի այդ  այդ խնդրի իրագործման համար ծախսվող ժամանակը և էներգիան անիմաստ չհամարենք և էական է որ մենք հարցերը ճիշտ ձևակերպենք, հարցերը ձևակերպենք Հայաստան- Թուրքիա հարաբերությունների տրամաբանության մեջ, որովհետև հենց դա է մեր սեղանին և դա է մեր օրակարգը: Եվ այդ օրակարգը  պետք է ամեն ինչ անենք, որ տեղի ունենա:

Իմ կարծիքով մենք մի ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է և մեզնից պահանջում է լինել հետեւողական շարունակել ակտիվ աշխատել, ակտիվ երկխոսություն պահել, լսել դիմացինին և սեփական դիրքորոշումները փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել: Այդ բոլոր փաստերի և փաստարկների շփման և փոխգործակցության արդյունքում ես համոզված եմ, որ մենք արդյունք կունենանք»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

235