Արցախյան այս վերջին պատերազմում զոհված, վիրավորված, անհետ կորած զինծառայողների կամ կամավորների մեջ կան մարդիկ, որոնք ունեն վարկային պարտավորություններ, մասնավորապես՝ հիփոթեքային վարկեր:

 

Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովն ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին  նախագիծը, որի նպատակն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:

 

Քանի որ հարցի վերջնական լուծումը կախված է բանկերից ու վարկային կազմակերպություններից, Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ, պարզելու համար, թե ինչպես են լուծվելու պատերազմի հետևանքով զոհված, անհետ կորած, վիրավորված քաղաքացիների բանկային պարտավորությունները, եթե հիփոթեքային վարկով բնակարան են ձեռք բերել:

 

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Araratnews.am-ի հարցմանը պատասխանել են, որ նշված վարկերի մարման եղանակների հետ կապված արդյունավետ և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ ՀՀ կառավարության, ԱՀ կառավարության, Կենտրոնական բանկի, համապատասխան առևտրային բանկերի և այլ շահագրգիռ անձանց միջև:

 

Ստորև ներկայացնում ենք հարցման պատասխանն ամբողջությամբ`

 

«Ի պատասխան Ձեր՝ 04.12.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային հասցեին ուղղված հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ներկայումս առևտրային բանկերի կողմից իրականացվում են վերլուծություններ նշված անձանց տրամադրված վարկերի ստույգ ծավալները գնահատելու համար: Նշվածը պահանջում է որոշակի գործողությունների իրականացում (կապ վարկառուների, նրանց հարազատների հետ, վարկերի և գրավների գույքագրում և այլն): Համապատասխանաբար այս մասով վերլուծությունները դեռևս ամփոփված չեն: Նշված վարկերի մարման եղանակների հետ կապված արդյունավետ և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ ՀՀ Կառավարության, ԱՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, համապատասխան առևտրային բանկերի և այլ շահագրգիռ անձանց միջև:

Հարգանքով` ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն»:

 

Հայկ Մագոյան

1314