Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անհուսալի վարկերի հետ կապված՝ մենք կառավարության նիստում ասել ենք, որ դա վարկերի ներում չի, ես ցանկանում եմ, որ դա ևս մի անգամ էլ արձանագրենք: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը նշեց, որ այդ ծրագիրը քաղաքացիների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու տարբեր պատճառների՝ մինչև 1մլն դրամ վարկի պատճառով, օգնությունն է: Պետությունը հնարավորություն է տալիս քաղաքացիներին դուրս գալ այդ վիճակից աշխատելու միջոցով:
«Եթե նրանք բոլորը գան և միանան այս ծրագրին, օրինակ, եթե մենք 6 ամսվա ընթացքում որոշակի հարկեր կորցնենք, որովհետև այդ հարկերը ուղղվելու են այնտեղ, 6 ամիս հետո մենք կրկնապատիկից ավել հարկային մուտքեր ենք ունենալու»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, արդեն իսկ բավականին զանգեր կան, և շարունակելու են իրազեկել մարդկանց, որ միանան ծրագրին:
«Սա վերջին նմանատիպ աջակցությունն է լինելու և մարդկաց մոտ այդ ընկալումը չպետք է լինի, որ իրենք անընդհատ կարող են գնալ և հայտնվել նույն իրավիճակում, և դրա համար պետք է ֆինանսական գրագիտություն»,- ասաց նա:
Նշենք, որ Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: