Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-16:00-ը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, վերջին հրաժեշտը`ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-14:00-ը, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ ք. Երևան, Ռ. Մելիքյան 2/10):

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ռաֆայել Գրիգորյանի կենսագրությունը

Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում:

1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում: 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան (ГИТИС):

1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի Ա. Մռավյանի (այժմ՝ Վ. Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոն: Այստեղ մասնակցել է «Քո վերջին հանգրվանը», «Նստարան», «Իրական պատմություն», «Կորադո» ներկայացումներին, ինչպես նաև բեմադրել է Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսը:

1989 թվականին Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այստեղ բեմադրել է «Երկիր Նաիրի», «Ընկեր Փանջունի», «Անձնասպանը» պիեսները:

1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ՝ աշխատելով Լոս-Անջելեսի «Հայ թելե» ռադիոյում: Հիմնադրել է Մհեր Մկրտչյան թատերախումբը:

Ռաֆայել Գրիգորյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի», 2015 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

«ԿԳՄՍ նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։

181