Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ առցանց ձևաչափով։ Նիստը նախագահել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նիստի օրակարգում ընդգրկված էին ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի իրականացման, անդամ երկրների մշակութային ոլորտների վերջին զարգացումների և մշակութային համագործակցության, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների, ինչպես նաև ՍԾՏՀԿ տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրմանը և փոխանցմանը վերաբերող հարցեր։
Նիստի նպատակն էր խթանել ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև մշակութային համագործակցությունը, ամրապնդել մասնագիտական երկխոսությունը և նախանշել մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ոլորտներում տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Քննարկվել են նաև մշակույթի ոլորտում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ու գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Դիմիտրիոս Ռալլիսը, գործադիր մենեջեր Սանդրա Վուժինովիչը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և ոլորտում իրականացվող մշակութային քաղաքականության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։
Նշենք, որ Հայաստանը 2025-2027 թվականներին նախագահում է ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով համագործակցության շրջանակը։ Հայաստանի նախագահության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անդամ երկրների միջև մշակութային ժառանգության պահպանության ոլորտում մասնագիտական երկխոսության խորացմանը և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։
Այս համատեքստում 2025 թվականին ևս տեղի է ունեցել միջազգային հանդիպում ՍԾՏՀԿ անդամ երկրների ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի փորձագետների միջև՝ երկխոսության և համագործակցության հարթակ ձևավորելու, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու նպատակով։