
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ ընդգծելով համագործակցության մեծ ներուժի առկայությունը։
«Դեռևս 2022 թ․ Հռոմ կատարած այցի ընթացքում կառուցողական քննարկումներ եմ ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և աշխատանքի ոլորտները համակարգող նախարարների հետ․ արդյունքում՝ որոշեցինք համագործակցության հուշագիր ստորագրել։ Լիահույս եմ, որ նախատեսված հուշագրի կնքումն առաջիկայում իրականություն կդառնա, որից էլ կբխեն համագործակցության այլ հնարավորություններ»,- նշել է նախարարը։
Ալեսսանդրո Ֆերրանտին ևս շեշտել է երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում․
«Մենք պատրաստակամ ենք շարունակել բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նախորդ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել․ Ձեր կողմից նշված հուշագրի ստորագրումը դրա վառ օրինակներից մեկն է, բայց մենք էլ ավելի անելիքներ ունենք»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունները․ ընդգծվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքի մշակույթի, աշխատանքի կազմակերպված միգրացիայի, սոցիալական աջակցության և մի շարք այլ ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը։