Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացին կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Օրեր առաջ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին վեց գերեզման և մեկ աղբյուր։

Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Կ․ Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը»,– նշված է կայքի հրապարակման մեջ։

Ըստ նույն հրապարակման՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակման դեպքից հետո, Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։ Առաջարկի նպատակն է ուսումնասիրել հայկական և մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։

Դինդարը նաև հարցում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների, դրանց վերաբերյալ իրականացվող քննությունների և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։

Այդ առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ նման հարձակումները «լուրջ ատելության հանցագործություններ են, որոնք ուղղված են մահացածների նկատմամբ հարգանքի իրավունքին, կրոնի և խղճի ազատությանը, մշակութային ժառանգության պահպանությանը և Թուրքիայում ապրող քրիստոնյա քաղաքացիների անվտանգության զգացմանը»։

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ հայերին, հույներին, ասորիներին և մյուս քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական շինությունների նկատմամբ կատարված հարձակումների դեպքերում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչն ամրապնդում է անպատժելիության զգացումը։

Հիմնավորման մեջ հիշատակվում են նաև նախկինում Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական դպրոցի, Գալֆայան հայկական տարրական դպրոցի և Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկատմամբ իրականացված ատելության հողի վրա կատարված հարձակումները՝ նշելով, որ այդ գործերով ևս մեղավորները չեն հայտնաբերվել կամ քննությունը բավարար արդյունավետ չի եղել։

 

184