Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամիջոցների չարաշահման, դրանց ապօրինի շրջանառության հետևանքով առաջացած խնդիրներն ավելի արդիական ու տեսանելի են դարձել: Շահագրգիռ գերատեսչությունների՝ իրավապահ մարմինների, առողջապահական ոլորտի, կրթության և սոցիալական ծառայությունների համագործակցությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որում ներառված են միջոցառումներ՝ խնդրի հաղթահարմանն ուղղված բոլոր ուղղություններով:

 

Համագործակցելով գործընկեր պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` առողջապահության նախարարությունը շարունակում է զարգացնել թմրամիջոցներից կախվածության բուժման համալիր ծառայությունները, ինչպես նաև հանրային իրազեկման և նախազգուշացման նախաձեռնությունները։

 

Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։ Այն օգտագործողը կարճ ժամանակում կորցնում է`

  • ֆիզիկական առողջությունը.
  • հոգեկան առողջությունը.
  • հմտությունները.
  • հետաքրքրությունները:

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, քանի որ դրանց գործածման հետևանքով շատ արագ է ձևավորվում կախվածության համախտանիշ։ Դրանք դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ`

  • դիմադրողականության անկում.
  • օրգանիզմի աճի և զարգացման դանդաղում.
  • կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում.
  • հորմոնալ խանգարումների արդյունքում` վերարտադրողական համակարգի ախտահարում.
  • քրոնիկ ինտոքսիկացիայի պատճառով ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը, առավելապես` սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև լյարդը։

Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության համար։

Զե՛րծ մնացեք թմրամիջոցներ գործածելուց. դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ճակատագրական լինել:

77