
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գրեթե չորս ամիս է անցել այն պահից, երբ մենք ու Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են և խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում ԵԱՀԿ Միսնկի խմբի լուծարումը կամ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը»,- ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով: Մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Հետևաբար եթե ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, կամ ֆիքսում ենք՝ երբ կարելի է ստորագել՝ մոտ ապագայում, ապա կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել: Այս առումով ադրբեջանական կողմի վարանումը մեզ հիմք է տալիս մտածելու, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, որոնք կարող են խաթարել մեր տարածքային ամբողջականությունը»,-նշեց նա:
Նաև ընդգծեց, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ՀՀ ներքին օրակարգն է, խորհրդարանական հերթական ընտրություններից հետո ձեռնամուխ կլինեն դրան:
«Հույս ունեմ՝ շփումներն ի վերջո կհանգեցնեն պայմանագրի ստորագրման»,- ասաց Միրզոյանը: