
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազը դիմելու է Ազգային ժողովին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ դեռևս գլխավոր դատախազից պաշտոնական գրություն չի ստացել այդ հարցով, բայց սպասում է նման գրության։
Սիմոնյանը չհստակեցրեց, թե կոնկրետ երբ կարող է գլխավոր դատախազը այդ հարցով մուտք գործել խորհրդարան։
Նա չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի շրջանակներում է դատախազն առաջարկելու անձեռնմխելիությունից զրկել Արթուր Սարգսյանին։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերյան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, որոնք դեռ խորհրդարանը չի քննարկել։