
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» այսօր ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ արժանանալով համապատասխան կոմիտեի հավանությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախորդ տարի արդեն իսկ այդ ցանկում գրանցել էինք Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ Այսինքն, վերջին երկու տարում երեք հայտ ենք ներկայացրել և ներառել ցանկում։ Դրանից առաջ նման աշխատանք արվել էր 1990-ականների սկզբին։ 1995-ի դրությամբ 4 հուշարձան ունեինք նախնական ցանկերում։ Այսինքն շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից որևէ նոր հուշարձան չէր գրանցվել։ Այսօր արդեն չորսին գումարվել է ևս երեքը։ Մենք այս աշխատանքը շարունակելու ենք՝ որպես մեր ամենօրյա աշխատանք։ Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ: Շնորհակալություն մեր մեծ թիմին՝ աշխատանքի համար»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47 րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: